Перейти к основному содержимому
    ԳՐԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԱՄՍԱԳԻՐ
  • ՄՈՒՏՔ
  • ԱՄՍԱԳԻՐ
  • ԺՈՒՌՆԱԼԻՍՏԱԿԱՆ
  • ԳՐԱԿԱՆ
  • ԽՈՍԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
  • ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ

ԾՈՎԱԿԻ ԱՉՔԵՐԸ

1. мая. 2015, Нет комментариев

Ներշնչված գինոսյանական ոգով: 

     Հերոսի նախատիպը  մեծ հայրենասեր ու հավերժ մահապարտ 

Գագիկ Գինոսյանն է:

     Ծովակի աչքերը կանաչ են, արևին նայելիս կանաչը զմրուխտ-ծիրան է դառնում, հայացքը Վանին թեքելուն պես կանաչ-զմրուխտ-ծիրանը հանկարծ մգանում, իսկ հետո գունատվում է թափանցիկանալով:

     -Էդ ինչպե՞ս, ա՛յ Ծովակ, էդ ի՞նչ աչքեր ունես,- աղճատված հայերենով հարցրեց թուրքը՝ ապուշ հայացքը չկտրելով Ծովակի աչքերից:

     -Աչքերս հայի են,- կիսախուլ պատասխանեց Ծովակը: -Գիտե՞ս, դա աչքի չբացահայտված գույն է: Օրինակ՝ քեզ հարցնեն՝ աչքերդ ինչ գույն ունեն, դու, թո՛ւրք, կասես՝ սևագույն: Իմը հայագույն է՝ կանաչ-զմրուխտ-ծիրան-մգագույն-թափանցիկ. այն, ինչ ապրել է հայ ժողովուրդը հազարամյակներ, գույն առել, լցվել է մեր աչքերը՝ մեծուփոքրի:


     Թուրքի ապուշ կտրած հայացքը, որ թվում է՝ միայն դատարկվելու է ունակ, հանկարծ լցվեց ամոթ-խղճի խայթով…Քամին ուժգնացավ: Ծովակը դիմադրում էր քամուն՝ գլուխը, գլխի հետ՝ աչքերն առաջ բերելով: Նայողը կկարծեր՝Վանի տագնապող ալիքները լցվում են Ծովակի աչքերն ու դառնում նույնը. Ծովակի աչքերը ծովանում էին, իսկ թուրքը, չգիտես սաստիկ քամուց, թե քիչ առաջ զգացած ամոթից, ուղղակի կախել էր ամենևին չծանր գլուխը: Երկու մարդ՝ մեկը հայ՝ պատրաստ քամուն անվերջ համառելու, մեկը քուրդ՝ ամենևին չծանր գլխով, գլխահակ: Մեկը հայն էր՝ հայությունը, մյուսը՝…

     1915 թվականի կոտորածից մազապուրծ եղած Ծովակի պապն իր ընտանիքով հաստատվեց Ամերիկայի Ֆրեզնո քաղաքում: Տուն ու տեղ, ապրուստ, հազարավոր հարազատների թողել էր հայրենիքում: Չէ, իրենց տուն ու տեղից, ապրուստից, Ծովակի պապի հայրենիքից թուրքը ոչինչ չէր թողել…Մեկն Ամերիկա, մյուսը՝ ուրիշ Ամերիկա. փրկություն գտած հայերն աշխարհով մեկ եղան: Բոլորի աչքերն էլ նույն գույնն ունեին, ինչպես նույնն է որբացած քրոջ ու եղբոր աչքերի գույնը:


     Հա, նո՜ւյնն են: Փրկվածները ապրելու ուժ գտան, ինչպես տարիներ հետո փրկվածների ժառանգները գտան իրենց հայրենիքը՝ ավա՜ղ, փլատակված: Ծովակը մեկն էր հազարավոր գտնողներից…Փլատակնե՜ր գտնողներից…

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները հեղինակի՝ արված Արեւմտյան Հայաստանում



ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՍՐԲԱԴԱՍՈՒՄ

29. марта. 2015, Нет комментариев


Հարիւրամեակի սեմին  դարձեալ ազգովին ման կու գանք դատարկ ձեռքերով եւ բոպիկ ոտքերով:

Խորքայինը մոռցած՝ կը զբաղինք մանրուքներով:

Չէ՞ որ մեզի համար գաղափարներէ աւելի կարեւոր են կաղապարները: 

Արդէն ընտրած ենք յարմարագոյն խորհրդանիշ մըն ալ՝ մասոնական «անմոռուկ» ծաղիկը, որ ամենածանր հեգնանքն է՝ հանդէպ մեր բիւրաւոր զոհերուն: Իսկ հիմա արդէն կը պատրաստուինք «մեծ շուքով» սրբադասելու այդ ծաղիկներու «բուրմունքով» բազմաչարչար մեր զոհերը:

Շատ բարի: 

Ցեղասպանութիւնը միմիայն Տասնեւհի՞նգն է... Իսկ Համիտեան կոտորածները Տասնեւհինգէ՞ն առաջ, Քեմալեան կոտորածները Տասնեւհինգէ՞ն ետք... Չէ՛, պէտք է աշխարհին ներկայանանք կաղապարով մը՝ «Քսաներորդ դարու ԱՌԱՋԻՆ Ցեղասպանութիւնը»՝ հանդէպ աշխարհի ԱՌԱՋԻՆ Քրիստոնեայ ազգ Հայուն:

Հիմա սրբադասման բեմադրութեամբ կ’ուզենք Հարիւրամեակի «տօնահանդէսը» զարդարել այլ կաղապարով մը, որով Հայը պիտի դառնայ աշխարհի ԱՄԵՆԱՇԱՏ սուրբեր ունեցող ազգը:

Ամէն զոհ նահատա՞կ է միթէ: Կամ ամէն նահատակ սո՞ւրբ է: Ամէն հերոս նահատա՞կ է: Ամէն նահատակ հերոս սո՞ւրբ է: Լաւ, չերկարեմ...

Սուրբը գոնէ պարտի ըլլալ մաքրակրօն, հրաշագործ, Աստուածավախ:

Խօսք չկայ, եթէ սրբադասումն ալ մէկ երեսն է աջ ու ահեակ բաշխուող շքանշաններու ու կոչումներու հայրենական ծիսակատարութեանց, բայց, ի սէր Աստուծոյ, ի՞նչ պիտի շահինք աշխարհին առջեւ մեր Հողային Հարցը խեղդելով Քրիստոնեայ-Մահմետական նեղ պարունակի մը մէջ, նա՛մանաւանդ այս օրերուն, երբ կրօնական մոլեռանդութեամբ կը սանձազերծուին արիւնալի մարտեր, որոնք երեւութապէս են կրօնական...

Հայը իր քրիստոնէական կրօնքին համար չէ, որ ցեղասպանուեցաւ: Ցեղասպանութեան նպատակը Հողն էր: Նոյնիսկ իսլամացած եւ իսլամացուած, քրտացած  հայեր ենթարկուեցան Ցեղասպանութեան:

Եթէ սրբադասումը հաւաքական է, ուրեմն պէտք է սրբադասել նաեւ Եղեռնի զոհ գացած իսլամացած կամ իսլամացուած հայերը: Եթէ սրբադասումը կը ներառէ բոլոր զոհերը, ուրեմն ես ալ սուրբ մըն եմ: Ես ալ զոհն եմ Ցեղասպանութեան:

Եւ ինծի հետ միլիոնաւոր հայեր, որոնք իրենց կամքէն անկախ, Ցեղասպանութեան ի հետեւանք,  քարշ կու տան իրենց առօրեան իրենց բնօրրանէն դուրս: Եթէ սրբադասումը համազգային է, ուրեմն Եղեռնի զոհ Աւետարանական հայեր ալ պէտք է 

սուրբ համարուին, իսկ Աւետարանական հայ մը կրնա՞յ ընդունիլ այսպիսի բան: Չէ՞ որ Աւետարանական եկեղեցւոյ վարդապետութիւնը Աստուծոյ առջեւ չ’ընդունիր Քրիստոսէ զատ այլ միջնորդ...

Իսկ ի՞նչ ընել ինքզինք անկրօն-անաստուած-անհաւատ համարող հայերու պարագային... Չէ՞ որ անոնցմէ ալ շատեր ինկան հերոսաբար կամ զոհ գացին պարզապէս Հայ ըլլալնուն համար:

Այս բեմադրութիւնը կ’ընենք մեր մերկութիւնը թզենիի կաղապարներով կապարելո՞ւ համար:

Որ հպարտանանք՝

Աշխարհի ԱՌԱՋԻՆ քրիստոնեայ ազգն ենք...

Զոհն ենք Քսաներորդ դարու ԱՌԱՋԻՆ ցեղասպանութեան...

Աշխարհի ԱՄԵՆԱՇԱՏ սուրբ ունեցող ազգն ենք...

Սուրբ Զաւէն Զաքարեան

ԱՅԴ ԽԵՂՃ ՈՒ ՑՆԴԱԾ ՍԵՐԸ

28. марта. 2015, Нет комментариев

           

           Ինչ-որ մեկը քիթդ տրորել էր: Սիրուն քիթիկդ քսվել էր գետնին եւ քերծվել: Երազներդ ցեխոտվել էին, ու դու մոլորված էիր…

         Այն ժամանակ, երբ ամբողջությամբ թրջված էիր ու անպետքական իրի պես անձրևաջրի մեջ թավալ էիր գալիս, շեկ մազերդ իրար էին խառնվել: Լաց լինելիս արցունքներդ հասնում էին քերծված քթիդ ու հետո իջնում ցեխոտված երազներիդ վրա: Դու անօգնական ու չքնաղ տեսք ունեիր՝ նորածնի պես:  Եվ հայտնվեցի ես: Վախենում էի քեզ մոտենալուց, քանզի այդ նույն անձրևաջրի մեջ նաև ինք-նահավանությունդ ու խեղդող տխրությունդ էին թափված:

Բայց դու, սիրելիս, օգնության էիր կանչում: Եկա  ու սիրեցի: Սկսեցի պաշտել խառնված ու կեղտոտ մազերդ: Ես մաքրեցի արցունքներդ, երազներիդ փոշին ու ցեխը: Ես անքնությամբ, հոգնելով ու ցնծալով մաքրեցի:

            Քեզ հետ մի քանի տիեզերքներ հայտնաբերեցի: Իմացա, որ եթե փոձեմ քայլելով արևին հասնել, մոտավորապես տասնհինգ հազար տարի կպահանջվի ինձնից: Իմացա, որ կան շուտ բռնկվող ու հանգչող աստղեր եւ դրանց, չգիտես ինչու, «պայթող» են կոչում. սիրո պե՞ս են…

      Քո շնորհիվ իմացա, որ նարցիսներն իրականում անձրևաջրում քարշ եկող շեկ մազերով լացկաններ են:

            Որքա՜ն հրաշալի ես դու, իմ ծիածանաթև՛ երկնային արարած: Քեզ համար իսկապես կարելի է ապրել, ապրել անվերջ…

Սոնա Վարդանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս


Свежие статьи

  • ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԸ՝ ՖԼԵՇՄՈԲԻ ՈԳԻ
    9. мая. 2015
  • «ԵՍ ԳՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆ
    7. мая. 2015
  • ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
    2. мая. 2015
  • ԾՈՎԱԿԻ ԱՉՔԵՐԸ
    1. мая. 2015
  • ԱԶԴԱՆՇԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԽՈՒԹԵՐՈՎ
    30. апреля. 2015
  • ԱՊՐԻԼԻ 24, ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
    24. апреля. 2015
  • ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾՆԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆԸ ՆԵՐԿԱ
    23. апреля. 2015
Сайт создан с Mozello - самым удобным онлайн конструктором сайтов.

Создайте свой веб-сайт или интернет-магазин с Mozello.

Быстро, просто, без программирования.

Сообщить о нарушении Подробнее