ՄԻ ՆԿԱՐՉԻ ԴԻՄԱՆԿԱՐ
Մերօրյա անվանի նկարիչ Սամվել Սևադայի դիմանկարը, բացառիկ
մտավորականի տեսակը ամբողջացնելու համար պետք է անդրադառնալ մի քանի իրողությունների,
որոնք կհետաքրքրեն երիտասարդներիս (և ոչ միայն) :
Սամվել Սևադան Միացյալ Նահանգներում ստեղծեց
նկարչական ստուդիա, սակայն հայրենիքի կարոտը նրան վերադարձրեց Հայաստան, որտեղ հիմնեց
իր արվեստանոց-ստուդիան, ինչպես ինքն է նշում, 5-ից 105 տարե-կան երեխաների համար:
Ամեն շաբաթ ճանապարհորդում է ֆոտոխցիկի
ըներակցությամբ, հավերժացնում հայրենի եզերքի դրախտներն ու դրախտային դժոխքները :
Գլխարկների մեծ սիրահար է: Հավաքածուն
այնքան է հայտնի, որ նույնիսկ տեղ է գտնում է սաների վրձնած նկարներում:
-Ե՞րբ է մարդն իրեն նկարիչ զգում:
-Երբ դու մենակ ես, չես մտածում նկարիչ
զգալու մասին. միայն նկարում ես: Առաջին անհատական ցուցահանդեսս բացվեց Երևանում` Ավանգարդ
թերթի խմբագրությունում (այն ժամանակի միակ երիտասարդական պարբերականն էր): Տասնինը
տարեկան էի` երկրորդ կուրսի ուսանող: Շատ բարդ էր. առաջին անգամ նկարներդ կախում ես,
և պետք է գան, նայեն: Ապա հեռուստահաղորդումներ թողարկեցին իմ մասին. համարում էին
խոստումնալից երիտասարդ նկարիչ: Արդեն ինձ նկարիչ էի զգում և պատասխանատվությամբ վերաբերվում
գործիս:
-
Հիշու՞մ եք Ձեր առաջին նկարը:
-Առաջին նկարս չեմ հիշում: Շատ փոքրուց
եմ նկարել: Քեռիս շինարար էր, հաճախ էի զարմացած նայում` ինչպես է նկարում: Նա ինձ
նկարել սովորեցրեց և ճանապարհ ցույց տվեց: Գյումրիում սկսեցի նկարչական դպրոց հաճախել:
Հիշում եմ նկարը, որը մրցանակի արժանացավ`<<Սասունցի Դավիթ>>:
-Ի՞նչ
եք զգում, երբ նայում եք ձեր վաղ շրջանի նկարներին: Երբևէ պատռելու և ամենը նորից սկսելու
ցանկություններ լինու՞մ են:
-Իհարկե: Եղել է `պատռել եմ, լավացրել
կամ գուցե փչացրել: Նկար կա, որ դողում ես վրան, որ չես ուզում՝ նույնիսկ ուրիշները
նայեն:
-Արվեստի
յուրաքանչյուր գործ ինչ-որ բան է տալիս հասարակությանը: Ի՞նչ են տալիս մարդկանց Ձեր նկարները: Որևէ բան փոխու՞մ
են նրանց մեջ:
-Ինչպես յուրաքանչյուր ստեղծագործություն,
նկարը նույնպես էներգետիկա ունի`դրական, բացասական, զրոյական: Հզոր են այն գործերը,
որոնք միշտ ազդեցություն են ունենում: Երբ գնում ես ցուցահանդես, անկախ քեզնից զգում ես՝ մի գործ կա այնտեղ, որն ազդում է, ստիպում ուշադրություն դարձնել, ուրեմն արդեն կայացած է:
-Սովետական
Հայաստանում ընդունված չէր նկար վաճառելը:
Լավագույն դեպքում դրանք նվիրում էին: Ինպիսի՞ն էր հետագա բացահայտումը նկարի հայտնի
ու անհայտ արժեքի կամ արվեստի վաճառքի վերաբերյալ:
-Առաջին անգամ Ամերիկայում բացահայտեցի, որ նկարը նաև արժեք ունի: Հայաստանում
արված նկարներս տարել էի հետս. հենց երրորդ օրն սկսեցին գնել: Շատ ոգևորվեցի: Առաջին
գումարովս ներկեր առա: Դրանից հետո լավ ու հին գործերս վաճառվեցին, ինչի համար ափսոսում
եմ: Ինքնանկարների շարք ունեի` գնում էր մի
կին, որի տարածքը վարձակալել էի: Ամեն ամիս գալիս ու վարձի փոխարեն մի նկար էր տանում:
Ընդհանուր հաշվով՝ ԱՄՆ-ում չորս հարյուր հիսուն նկար վաճառեցի:
-Հայ
նկարիչների գործերում կարևորում եք հայկականությու՞նը:
-Իհարկե: Կարևորելու խնդիր էլ չկա. դա
ինքնիրեն է ստացվում (իմ գործերում էլ): Եթե դու սիրում ես, նշանակում է՝ կարևորում
ես, և կապ չունի՝ բնություն, հայրենիք, երեխա, թե հարևանի աղջիկ:
-Հայ
և համաշխարհային դասականներից ու՞մ ազդեցութունն
եք կրում:
-Ուզես-չուզես՝ ազդվում ես ինչ-որ մեկին
շատ սիրելուց: Բոտիչելիի գործերն եմ շատ սիրել: Լեոնարդոյին մեծ եմ համարում. ամենամեծը՝
ոչ միայն որպես նկարիչ, այլեւ արվեստագետ, բանաստեղծ: Այո, նկարիչն էլ բանաստեղծ է, նա եւս բան է ստեղծում:
-Ինչի՞ց
կամ ումի՞ց եք ոգեշնչվել, երբ վրձնել եք ձեր ամենասիրելի նկարը:
-Ամեն անգամ փոխվում է ամենասիրելին:Մի
ժամանակ սիրո թեման առաջին պլանում էր ինձ համար: Դրանք բազմազան են, ներշնչանքները
բազմազան են, ներշնչանքի աղբյուրներն էլ են բազմազան:
-Սամվել
Սևադան և՛նկարիչ է, և՛ լուսանկարիչ, և՛ բանաստեղծ: Ինչպե՞ս եք Ձեր մեջ հաշտեցնում այդ երեքին: Ի՞նչ սկզբունքներով
եք բաժանում ձեր զգացմունքները:
-Սիրում եմ արտիստիկ վիճակը, և ինձ մոտ
դա բարձր եմ գնահատում: Արվեստի աշխարհում եմ միշտ`ապրելիս, խոսելիս, քայլելիս, գրելիս:
Մի բան եմ տեսնում, որ ուրիշները չեն տեսնում՝ անմիջապես գնում ու նկարում եմ: Այդ
նույն վիճակն էլ բառերի եմ վերածում:
-
Վերջում կպատմե՞ք պատկերը բառի վերածելու գործընթացի մասին: Ի՞նչ է բառը:
-Բառն էլ պատկեր է, բառն էլ գույն ունի, բառը շատ ուժեղ: Վրձինը. կարմիրն ու դեղինը դնում ես իրար կողքի, և մարդն ազդվում է այդ գույների հարաբերությունից: Եթե բառը ճիշտ տեղում ես դնում, ազդում է մարդու վրա, որովհետև արվեստը հզոր բան է: